Երևանում, կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը, 392 պատվիրակներից գրանցվել է 378-ը: Համագումարին մասնակցել են ՌԴ կոմկուսի և Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության պատվիրակներ, ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Համագումարի բացումը վստահվել է պիոներներին, նրանք դահլիճ են եկել կոմունիստական հայտնի երգերով: Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության գործունեությունը վերջին 4 տարիներին, նշել, որ համագումարի նախօրեին կոմկուսին է միացել 15 երիտասարդ: Իր ելույթում նա ԵԱՏՄ-ին անդամակցելու ՀՀ-ի որոշումը շրջադարձային է որակել երկրի զարգացման համար: «Արտաքին քաղաքականության վեկտորի անխուսափելի հստակեցումը դարձավ հանրապետության անվտանգության ապահովման և հետագայում ՌԴ-ի կողմից նախաձեռնված ինտեգրացիոն կազմում դինամիկ զարգացում ապահովելու երաշխիքը»,-ասաց նա: Կոմկուսի ղեկավարը խոսեց նաև Արևմուտքից ֆինանսավորվող հակառուսական ուժերի մասին, որ հակառուսական հայտարարություններով հաճախ փաստերի խեղաթյուրմամբ՝ փոքրաթիվ, սակայն ագրեսիվ բողոքի ակցիաներ են կազմակերպում: «Բազմաթիվ հարցերում ունենալով սկզբունքային տարաձայնություններ երկրի իշխանությունների հետ, ամենաառաջին օրից ողջունել ենք ԵԱՏՄ-ին միանալու որոշումը և ողջունելու ենք նաև հետագայում: Իշխանություններին կոչ ենք անում ավելի համարձակ և հետևողական լինել՝ առանց ուշադրություն դարձնելու Արևմուտքի արձագանքին՝ շարունակել ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը: Սա Եվրասիական միութենական պետության վերականգման առաջին քայլն է»,- ասաց նա:
Ընկեր Սարգսյանը վստահեցրեց, որ հետագայում ևս հակահարված են տալու հակառուսական հիստերիայի բոլոր դրսևորումներին, դրանց տարածումը չափազանց վտանգավոր և աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար: Կոմունիստները վստահ են, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո, երբ եվրասիական տարածքում ձևավորվեն խորհրդայինին նման կարգեր, իրենք կվերադառնան իշխանության Հայաստանում: